ՀՌՀ մասին

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երրորդ հանրապետության կազմավորումը երկրի կյանքի բոլոր ոլորտներում սկզբնավորեց քաղաքական, տնտեսական արմատական փոփոխություններ, որոնցից բնականաբար անմասն չմնաց նաև զանգվածային տեղեկատվության համակարգը: Ազատության շունչը արագ ձևափոխեց մեդիաոլորտը: Հայաստանում  հիմնադրվեցին ազատ և անկախ լրատվամիջոցներ, այդ թվում՝ մասնավոր հեռուստա և ռադիոընկերություններ: Նախկինում գործող  օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտը համակարգող մարմինները չէին կարող համապատասխանել ժողովրդավարության ուղին բռնած պետության և հասարակության պահանջներին, ուստի, անհրաժեշտ էին նոր օրենքներ, կարգավորման նոր մեխանիզմներ և մարմիններ:

Անհրաժեշտ էր մասնավորապես ամրագրել եթերային հեռարձակողների  ազատ գործելու, քաղաքացու հավաստի և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքները, օրենսդրորեն սահմանափակել էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող  տեսա և ձայնային նյութերի, անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական բովանդակությունը,  սահմանել լիցենզավորման կարգերը, պաշտպանել հեղինակային իրավունքը և այլն:

2000թ. հոկտեմբերի 9-ին Ազգային ժողովն ընդունել է  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որը հեռուստառադիընկերությունների հիմնադրման, լիցենզավորման, գործունեության հետ առնչվող խնդիրների կարգավորման առաջին հստակ փորձն էր։ Մասնավորապես, օրենքով սահմանվում է հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, տրվում է հեռուստառադիոընկերությունների հիմնադրման, դրանց լիցենզավորման և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը և կանոնակարգվում հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները, երաշխավորում   հեռարձակվող ընկերությունների ազատությունը:

ՀՀ Սահմանադրության և Օրենքի հիման վրա 2001թ. ստեղծվեց կարգավորող պետական անկախ մարմին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (ներկայում, ըստ գործող Սահմանադրության՝ Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողով), որի անդամները պետք է լինեին լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի և իրավագիտության ոլորտներում փորձառություն ունեցող և հեղինակավոր մասնագետներ:

Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001 թվականի մարտի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-839 հրամանագրով:

Հարկ է նշել, որ այդ ժամանակից ի վեր Հանձնաժողովի կազմը և ընտրման (նշանակման) կարգը փոխվել է ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ վերջինիս գործունեությանը վերաբերող դրույթների փոփոխությանը համապատասխան: Մասնավորպես, տարբեր ժամանակներում Հանձնաժողովի կազմում եղել է ինը, այնուհետ ութ, այժմ՝ յոթ հոգի: Հանձնաժողովի առաջին կազմը ամբողջությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, հետագայում անդամներից չորսը ընտրվել են Ազգային ժողովի, իսկ մյուս չորսը նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Ներկայումս, համաձայն 2020 թվականի օգոստոսին ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի (այն փոխարինեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքին) Հանձնաժողովի կազմը ամբողջությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովը ստեղծման ժամանակից ի վեր հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի արդյունավետ զարգացման համար երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերով համագործակցել և համագործակցում է տարբեր երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների ու հարթակների հետ՝ ուսումնասիրելով տարբեր երկրների ոլորտային օրենսդրությունը, կիրառման մեխանիզմները և փորձը: Դրանց թվում են՝  կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմը (EPRA), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (BSEC), միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակը (MNRA), ֆրանկոֆոն երկրների կարգավորող մարմինների ֆորումը (REFRAM) և այլն: Համագործակցության մասին Հուշագրեր են կնքվել մի շարք պետությունների կարգավորող մարմինների հետ, այդ թվում՛ Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Չեխիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Իրանի Իսլամական Հանրապետության։

Հանձնաժողովի ստեղծումից ի վեր հանրության մտահոգության գլխավոր առարկան կարգավորող մարմնի իրական անկախությունն է, պետության և քաղաքացիների շահերից բխող անկողմնակալ որոշումների ընդունման կամքն ու ունակությունը, ինչպես նաև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Այդ է պատճառը, որ Հանձնաժողովի՝ վերջին տարիների գործունեության առաջնային նպատակներից է՝ բարձրացնել հանրային վստահությունը, առավելագույնս նվազեցնել քաղաքական ուժերի միջամտությունը կարգավորող մարմնի գործունեությանը, աջակցել Հանձնաժողովի կարգավորման ներքո գտնվող տեսալսողական ծառայություններ մատուցողների ազատ և անխափան գործունեությանը, հաշվետու լինել հանրության առջև: