Հրապարակվել են Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մշտադիտարկման արդյունքները

Մարտի 24-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ։ Օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝

  1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման,
  2. «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի եզրափակիչ փուլ) և
  3. «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 8 վարչական վարույթի եզրափակիչ փուլ) վերաբերյալ։

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, Հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետը ներկայացրեց Հանձնաժողովի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը։ Հարցը ներկայացնելուց հետո, Հանձնաժողովը ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  20-րդ  հոդվածի  12-րդ մասի   և  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով`  որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը՝ համաձայն N 1 հավելվածի, իսկ սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները` համաձայն N 2 հավելվածի։

Ներկայացնելով օրակարգային երկրորդ հարցը, նշվեց, որ 2025 թվականի մարտի 14-ի ««ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ կասեցնելով վերջինիս լիցենզիայի գործողությունը 5 (հինգ) օր ժամկետով (18.03.2025թ. ժամը 00։00-ից – 22.03.2025թ. ժամը 24։00–ը): Այնուամենայնիվ, Հեռարձակողը 2025 թվականի մարտի 22-ի դրությամբ չի վերացրել լիցենզիայի գործողության կասեցման հիմքերը՝2025 թվականի փետրվարի 20-ից առ 2025 թվականի մարտի 22-ը «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը «ՏԱՎՈՒՇ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակում չի իրականացրել, ինչպես նաև հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որևէ դիտարկում, դիրքորոշում կամ բացատրություն չի ներկայացրել։
Ելնելով վերոգրյալից Հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության 2023 թվականի ապրիլի 17-ի ԵՀ N 350 լսողական մեդիա ծառայություն մատուցողի գործունեության լիցենզիայի գործողությունը։

Օրակարգի երրորդ հարցը ներկայացնելու ընթացքում արձանագրվեց, որ 2025 թվականի մարտի 06-ի ժամը 09։00-ից և մարտի 13-ի ժամը 18։00-ից առ 2025 թվականի մարտի 17-ը «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերությունը 24 ժամից ավել չի ապահովել «ՖՈՐՏՈՒՆԱ» ծրագրի միջոցով տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։ Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթի պահանջի խախտումը, այն է ՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե` լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում, Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության,
ուսումնասիրության և գնահատման արդյունքում  Հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը 24 ժամով։