Այսօր՝ մարտի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում հինգ հարց՝ «ԴԻՋԻ ԹՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԻԳԼ ԱՅ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, ««ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» և «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերի և «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» հարցի վերաբերյալ:
Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկելով «ԴԻՋԻ ԹՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը` բավարարել է ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան:
Քննարկելով ««ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» և «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցերը Հանձնաժողովի Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների ստուգման արդյունքում արձանագրել է լսողական մեդիածառայություն մատուցող «Ռադիո Ավրորա» և «Քիսս Էֆ Էմ» ՍՊ ընկերությունների կողմից լսողական ծրագրերի հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման կարգի խախտում: Քննարկելով Ընկերությունների կողմից գրավոր, ինչպես նաև նիստի ընթացքում ներկայացրած բանավոր բացատրություններն ու պարզաբանումները, Հանձնաժողովը որոշում կայացրեց վարչական տույժ չկիրառելու մասին՝ առաջացած տեխնիկական խնդիրներն ու համակարգչային ծրագրերն արդեն իսկ ուղղվել և համապատասխանեցվել են չափորոշիչներին, որոնք առաջացել էին տեխնիկական անհամատեղելիության պատճառով:
Հանձնաժողովը բավարարել է «ԻԳԼ ԱՅ» ՍՊ ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատակարգը, որի հիմնական նպատակն է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերի կարգավորումը: