Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 4-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը, որի կազմում էին Նյու Բրանսուիկի կառավարության ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Բենուա Բուրքը, Մոլդովայի տեսալսողական խորհրդի փոխնախագահ, մեդիա փորձագետ Անետա Գոնտան և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՖՄԿ ներկայացուցչության գլխավոր վերլուծաբան Դավիդ Բոնգարը։

«Ես ծանոթացել եմ ԿԸՀ-ի ԱԺ ընտրությունների անցկացման միջոցառումների օրացույցին, և այսօրվա դրությամբ Հանձնաժողովն իրականացրել է իր առջև դրված պարտավորությունները։ Դուք հրապարակել եք գովազդի մեկ րոպեի արժեքները, ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև հրապարկել եք նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկու զեկույցները»,- նշել է Մոլդովայի տեսալսողական խորհրդի փոխնախագահ Անետա Գոնտան։

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է ՀՌՀ-ի կողմից հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը և հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունները։ «Մենք որևէ իրավասություն չունենք միջամտել քաղաքական ուժերի և թեկնածուների արտասանած բովանդակությանը, բայց եթե մենք տեսնում ենք գնահատողական խոսք հաղորդավարի կամ լրագրողի կողմից, ապա մենք կարող ենք վարչական վարույթ հարուցել»,- նշեց նա՝ հավելելով, որ Հանձնաժողովի կողմից հանրային հեռարձակողին գրություն էր ուղարկվել, քանի որ այնտեղ անաչառության խախտում կար։

ՖՄԿ ներկայացուցիչները հետաքրքվեցին հանրային մուլտիպլեքսում ատելության խոսքի հետ կապված իրավիճակով՝ ինչին ի պատասխան ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը նշեց, որ այսօր ատելության խոսքը գերակշռում է համացանցային տիրույթում, որը ՀՌՀ-ի վերահսկողությունից դուրս է։

«Մենք առ այսօր որևէ ազդեցություն չունենք համացանցի վրա։ Չնայած հիմա օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որպեսզի կարգավորման տակ լինեն նաև այն հեռարձակողները (TV լայք մեդիաները), որոնք խմբագրական քաղաքականություն ունեն, որոնք գրանցված են Հայաստանում և հեռուստաընկերության դեր են կատարում»,- հավելեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Տիգրան Հակոբյանը հայտնեց նաև, որ Մոլդովայի կարգավորող մարմնի հետ առկա է համագործակցության հուշագիր։ «Մենք օնլայն եղանակով աշխատում ենք։ Օրինակ, ձեր օրենսդրությունը կարգավորման բնագավառում մեր համար ուղենիշային է՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում»,- շեշտել է նա։

Հանդիպման ավարտին ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին բաց և անկեղծ զրույցի և ներկայացված պարզաբանումների համար՝ հույս հայտնելով, որ ՀՌՀ-ն առաջիկայում ավելի սերտ համագործակցություն կունենա Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) հետ։