Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ապրիլի 9-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝
- 2026թ․ փետրվարի 11-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:
- «ՐԻՕՓԸՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
- «ՄԱՐԻՆԿԱ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 4 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
- «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 5 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հայտարարել չկայացած 2026թ․ փետրվարի 11-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթը։
Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՐԻՕՓԸՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2025թ․ հունիսի 20-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։
Օրակարգի հաջորդ հարցերը վերաբերել են «ՄԱՐԻՆԿԱ» և «ԿԱՅԾ ԼԱՅՆ» ՍՊԸ-երի նկատմամբ հարուցված վարչական վարույթներին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերությունների կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:
Ցանցային օպերատորները հարուցված վարչական վարույթների վերաբերյալ պարզաբանումներ և բացատրություններ չեն ներկայացրել։
Հանձնաժողովը որոշեց վերոնշյալ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժ՝ տուգանելով 50․000-ական ՀՀ դրամի չափով:
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
