Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության (նոր անվանումը՝ «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ»ՍՊԸ) լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ի ««ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, «ՄԱՅ ՆԵՏ», «ԿՈԼՄԵՆԱ», «Ց․Ա․Ա․Ա․Է․», «ԴԻԼԱՐՄ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման, «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին», «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 109-Ա և «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 110-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին»» հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Քննարկելով «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 27․05․2021 թ-ի ««ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը Հանձնաժողովը որոշեց բավարարել Ընկերության հայտը և «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը 19․08․2021 թ-ին տրամադրված լիցենզիան և կատարել փոփոխություն 27․05․2021 թ-ի ««ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 67-Ա որոշման մեջ՝ «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» անվանումը փոխարինելով «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» անվամբ։
Քննարկելով «ՄԱՅ ՆԵՏ», «ԿՈԼՄԵՆԱ», «Ց․Ա․Ա․Ա․Է․», «ԴԻԼԱՐՄ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, մասնավորապես «ՄԱՅ ՆԵՏ» ընկերությանը հարցը՝ նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որտեղ նշված է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու փաստի վերաբերյալ։
«ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը դիմումով հայտնել է, որ Հանձնաժողովի 08․05․2024 թվականի թիվ 46-Ա որոշմամբ «ՄԱՅ ՆԵՏ» ընկերությունն արդեն իսկ ենթարկվել է վարչական տույժի՝ մի շարք տեսալսողական ծրագրեր առանց համապատասխան վերահաղորդման իրավունքի վերահեռարձակելու համար, սակայն, ըստ դիմումատուի՝ շարունակում է ի թիվս այլ տեսալսողական ծրագրերի ապօրինի վերահաղորդել այն տեսալսողական ծրագրերը, որոնց վերահաղորդման իրավունքը տրամադրելու իրավասությունը պատկանում է Ընկերությանը։
Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունը մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդել է առանց համապատասխան վերահաղորդման իրավունքը հավաստող փաստաթղթերի՝ պայմանագրերի։ Ելնելով վերոգրյալից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, 23․05․2024 թ-ին ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը:
Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքների դրույթներով Հանձնաժողովը որոշեց դադարեցնել՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով Հանձնաժողովի 04․12․2017 թ-ին «ԿՈԼՄԵՆԱ» ՍՊ ընկերությանը տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։
«Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» Ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը ներկայացնելիս, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստ։
Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից կազմվել են արձանագրություններ, այնուհետ իրականացվել է մշտադիտարկման արդյունքների արձանագրություններում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն։
Պարզվել է, որ «Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերում բացակայում են տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթների նյութերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին, ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկերին և հայտնի է դարձել, որ «Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» ցանցային օպերատորներն իրենց գործունեությունն իրականացնում են խախտելով Օրենքի պահանջը։ Այսպիսով, ելնելով վերոգրյալից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Ց․Ա․Ա․Ա․Է․» և «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը որոշեց կարճել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի և 282-րդ հոդվածի դրույթները և ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների դատախազության 14․06․2024 թվականի գրությունը։
Հանձնաժողովը սահմանել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների և էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչվել դեռևս 01․07․2021 թվականին ընդունված N 109-Ա և N 110-Ա որոշումները։