Այսօր՝ փետրվարի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների, «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ», «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ հարցը նշվեց, որ Ընկերությունը Հանձնաժողով հաստատման է ներկայացրել «Россия-К», «Россия-24» և «Romance Channel», «Suspense» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումներ, կից` տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Դիստրիբյուտորի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պայմանագրում նշված տեղեկատվության համաձայն՝ «Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի ոչ բացառիկ օգտագործման թույլտվության իրավունքը տրամադրվել է Դիստրիբյուտորին կաբելային հեռարձակում (վերահաղորդում) իրականացնելու համար, որտեղ չի երևում, որ նշված տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու (վերավաճառելու) իրավունք է տրված Դիստրիբյուտորին։ Ավելին, պայմանագրում որոշ հատվածներ փակված են, մասնավորապես, «կողմերի իրավունքներ և պարտականություններ» բաժինը, ուստի Հանձնաժողովն արձանագրում է, որ 29․01․2024թ․-ի ծանուցմամբ ներկայացված պայմանագիրը թերի է։
Համաձայն «Romance Channel» և «Suspense» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ Դիստրիբյուտորի ներկայացրած ծանուցմանը կից համաձայնագրի՝ Դիստրիբյուտորի և «СЕНСОФ. МЕДИА» ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով կողմերը համաձայնության են եկել փոփոխություն կատարել 18.07.2023թ.-ին կնքված պայմանագրի հավելվածում և ծրագրերի ցանկում լրացնել «Romance Channel» և «Suspense» տեսալսողական ծրագրերը։ Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ չեն հայտնաբերվել։
Այսպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցումները՝ որոշեց մերժել ծանուցման հաստատումը «Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի մասով, իսկ «Romance Channel» և «Suspense» տեսալսողական ծրագրերի մասով՝ հաստատել։
Ներկայացնելով «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերութան նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտում։ Ըստ կազմված արձանագրության՝ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի «Բարի երեկո Երևան» հաղորդման ընթացքում հեռախոսազանգերի ընդունման արդյունքում հնչել են ազգային խտրականություն պարունակող արտահայտություններ։ Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, նշելով, որ «Ռադիո Ավրորա» ընկերությունը, մտադրություն չի ունեցել վիրավորել ՀՀ-ում բնակվող հնդիկներին։ Հեռարձակողը գրությամբ հաստատել է, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ․․․
Հանձնաժողովը հաշվի է առել, որ Հեռարձակողը ընդունել է այն հանգամանքը, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և որ այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ, նաև հայտնել է պատրաստակամություն այսուհետ ավելի ուշադիր և նրբանկատ լինելու եթերում, երբ խոսք կգնա ՀՀ-ում բնակվող այլ երկրի քաղաքացիների մասին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:
«ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հեռարձակողի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» տեսալսողական ծրագրի 25․01․2024 թ․ եթերում հեռարձակված «Հաղթական ժամ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։
Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով որոշեց «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
«ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ համաձայն 2023 թվականի ապրիլի 04-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի՝ Հանձնաժողովը, օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին էր հասցեագրել Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը՝ պահանջվող տեղեկատվությամբ։ Սակայն ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չէր ներկայացրել կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Նշված արարքով ցանցային օպերատորի կողմից թույլ էր տրվել Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասի իրավախախտում։
Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը, Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը չմուծելը, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումը և ցանցային օպերատորի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով չներկայացնելը, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։
Այսպիսով, ղեկավարվելով Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության լիցենզիայի գործողությունը մինչև 30 օր ժամկետով:
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը, բավարարել «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2019 թվականին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան:
Հանձնաժողովը բավարարել է «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: