ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթներ

Այսօր` դեկտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթները (ՀՀ Արարատի մարզ, ՀՀ Վայոց ձորի մարզ) hայտարարելու և «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթները հայտարարելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովը առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, որոշում է կայացրել` 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթներ` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքներում:

Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման համար նախորդ մրցույթը հայտարարվել էր ս/թ սեպտեմբերի 18-ին, իսկ Վայոց ձորի և Արարատի մարզերում մրցույթները հայտարարվել էին չկայացած, հայտեր չներկայացվելու պատճառով: