«ՕՆԼԱՅՆ» ընկերության նկատմամբ կիրառվել է տույժ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ՍՊ ընկերությանԵրևան քաղաքի, «ՆՅՈւ ՎԵՅՎ» ՍՊ ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիաներ ստանալու դիմումների և «ՕՆԼԱՅՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» և «ՆՅՈւ ՎԵՅՎ» ընկերությունների դիմումները և տրամադրել «ՅՈՏՏԱ ՑԱՆՑ» ընկերությանը՝ Երևան քաղաքի, իսկ «ՆՅՈւ ՎԵՅՎ» ընկերությանը՝  Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիաներ։

Անդրադառնալով օրակարգային երրորդ հարցին նշվեց, որ Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրվել է «ՕՆԼԱՅՆ» ՍՊ ընկերության կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ընթացքում Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթների պահանջների խախտման փաստ:

Հանձնաժողովը` հիմք ընդունելով օպերատորների գործունեության տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է նաև Ընկերությանգործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չեն «Velari», «Europa plus TV», «Муз» և «Мульт» տեսալսողական ծրագրերը, որոնք սակայն, Արձանագրությունը կազմելու պահին փաստացի վերահաղորդվել են։

Համադրության արդյունքում պարզվել է նաև, որ Ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա և արձանագրությունը կազմելու պահին վերահաղորդվող մի շարք տեսալսողական ծրագրերի վերահաղորդման պայմանագրերի գործողության ժամկետները լրացել են՝ համաձայն ընկերության կողմից ներկայացված ցանկի։

Հարուցված վարչական վարույթի մասին ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումներն ու բացատրությունները։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ինչպես նաև վարչական վարույթի վերաբերյալ ցանցային օպերատորի կողմից ներկայացված բացատրություններն ու պարզաբանումները ուսումնասիրելու արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորը մի շարք տեսալսողական ծրագրերի վերաբերյալ վերահաղորդման իրավունքը հաստատող փաստաթուղթ՝ պայմանագիր, չի ներկայացրել։ Վերոնշյալ տեսալսողական ծրագրերը փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին, սակայն առկա չեն Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում։

Այսպես, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին»,  «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՕՆԼԱՅՆ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: