Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման և «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովը որոշեց բավարարել անհատ ձեռնարկատեր Կարեն Արայիկի Մկրտչյանի դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա, իսկ մեկ այլ որոշմամբ հաստատել՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Ներկայացնելով օրակարգային վերջին հարցը նշվեց, որ Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից հեռարձակվող «։ԲՈՒՆ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների խախտման փաստեր։ Այն է՝ «։ԲՈՒՆ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է օտար լեզվով (ռուսերեն) «Մոռացված նախնիների ստվերները» (ռուսերեն՝ «Тени забытых предков») ֆիլմի հեռարձակում։
Հանձնաժողովը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, այդ մասին ծանուցել Հեռարձակողին և հայտնել, որ հարցի վերաբերյալ կարող է ներկայացնել իր պարզաբանումները և բացատրությունները։ Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի ընթացքում որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։
Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, արձանագրում է, որ «։ԲՈՒՆ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագրի կողմից «Մոռացված նախնիների ստվերները» (ռուսերեն՝ «Тени забытых предков») ֆիլմը հեռարձակվել է օտար լեզվով՝ առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասի հատկանիշներին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: