Արհեստական բանականության մարտահրավերները թեման քննարկվել է EPRA-ի նստաշրջանում

Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում հոկտեմբերի 23-25-ը տեղի ունեցավ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 60-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը և Հանձնաժողովի մասնագետ Ալլա Թումանյանը։ Նստաշրջանին ներկա են գտնվել եվրոպական 50 երկրների կարգավորող մարմինների՝ այդ թվում՝ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունը մեդիայի վրա, ինչպես նաև ատելության խոսք պարունակող բովանդակության դեմ պայքարը և կարգավորողների դերը թեմաները։

Խոսելով արհեստական բանականության (AI) մասին թեմայից, ներկայացվեցին այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ AI-ի կիրառման հետևանքով։ Այդ պատճառով կարևորվեց, թե որտեղ և ինչպես է օգտագործվում AI-ը մեդիա արժեքների շղթայում և ինչ ազդեցություն կարող է ունենալ:

Ավստրիայի կարգավորող մարմնի՝ KommAustria, ներկայացուցիչը խոսեց մեդիայի վրա արհեստական բանականության (AI) ազդեցության և կարգավորողների դերի մասին, ներկայացնելով Ավստրիայում AI֊ի միջոցով ավտոմատացված ռադիոյի աշխատանքը։
Քննարկվեց նաև ատելության խոսք պարունակող բովանդակության դեմ պայքարը և կարգավորողների դերն ու իրավասությունները։

Վիեննայի Համալսարանի պրոֆեսոր Յորգ Մաթեսը ներկայացրեց հետազոտություն ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու և որքան հաճախ են մարդիկ տարածում ատելության խոսքը, և թե որն է դրա իմաստը։

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 60-րդ համաժողովի ընթացքում ՏիկՏոկ սոցցանցի ներակայացուցիչ Այդին Քոնբոյը ներկայացնելով ՏիկՏոկ հարթակը, նշեց թե ինչպես կարելի է այն ապահով օգտագործել։ Նա նաև նշեց, որ հարթակը AI-ի միջոցով կարողանաում է պայքարել ատելության խոսքի դեմ, ջնջելով Ընկերության սկզբունքներին չհամապատասխանող բովանդակությունը։ Վերջերս հարթակը միացել է Եվրոպայի Միության Ատելության Խոսքի Կոդին (EU Hate Speech Code) և գրանցել առավելագույն առաջընթաց։

Նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է աշխատարան՝ ատելության խոսքի և դրա կարգավորման մասին, որի ընթացքում մասնակիցները կիսվել են փորձով, խնդիրներով և ներկայացրել իրենց պատկերացումները ատելության խոսքի սահմանման, ինչպես նաև առցանց հարթակներում դրա կարգավորման վերաբերյալ։

EPRA-ի 60-րդ համաժողովի ընթացքում ՀՌՀ պատվիրակությունը ունեցավ երկկողմ հանդիպումներ Լիտվայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Իտալիայի, Կիպրոսի և Հունաստանի կարգավորող մարմինների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մի շարք հարցեր և համագործակցական ծրագրեր։