Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 375.9 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը. ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և հավելել. «Հատկացվող գումարը հիմնականում ուղղվում է հանձնաժողովի կողմից իրականացվող «Տեսալսողական մեդիայի ոլորտում կարգավորում» ծրագրին»:
Զեկուցողի խոսքով այն վարչական բնույթի ծախսային ծրագիր է, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովումը, տեսալսողական ոլորտի վերահսկումն ու կարգավորումը:
Ըստ Գոհար Մամիկոնյանի` ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել տեսալսողական հաղորդումների պատրաստման և հեռարձակման` օրենսդրության պահանջների և լիցենզիայի պայմանների պահպանման նկատմամբ մշտադիտարկում ու վերահսկողություն և այլն:
Կառույցի ներկայացուցիչը խոսել է նաև այն խնդիրների ու մարտահրավերների մասին, որոնց բախվում է հանձնաժողովն իր գործունեության ընթացքում: Նա նշել է, որ կառույցը դրանք քննարկում է Ազգային ժողովի գործընկերների և մասնավորապես` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչների հետ:
Զեկուցողը հիշեցրել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանադրական կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությունը:
Նյութի սկզբնաղբյուրը՝ www.parliament.am կայք: