«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերբերյալ հարցը։

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային հարցը նշեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի եթերում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստ։

Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի 2024 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Հեռարձակողի կողմից հեռարձակվել է «Med Express» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի գովազդը և գովազդում չի նշվել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ տեսալսողական մեդիածառայություն մատուցողները գովազդ հեռարձակելիս պարտավոր են պահպանել Օրենքով և «Գովազդի մասին» օրենքով գովազդի առանձնահատկությունները սահմանող այն դրույթները, որոնք սահմանում են գովազդի հեռարձակման որոշակի պահանջներ ու սահմանափակումներ, և այս վարույթի շրջանակներում Հեռարձակողը պարտավոր էր պահպանել «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 73-րդ մասի պահանջները։

Այսպիսով, Հեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասի հատկանիշներին։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: