Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում՝ «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության՝ Վանաձոր քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու, «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» և «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը Վանաձոր քաղաքում հատկացված 107.2 ՄՀց հաճախականությունը փոխարինել 93.3 ՄՀց հաճախականությամբ։
Մեկ այլ որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց բավարարել «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 06․08․2021 թ․ տրամադրված հեղինակազորման վկայագիրը։
Անդրադառնալով «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցին նշվեց, որ Հանձնաժողովի կողմից Օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրվել է «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ընթացքում Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջի խախտման փաստ:
Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ Ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չէ «Ազատություն TV» տեսալսողական ծրագիրը, որը փաստացի վերահաղորդվել է արձանագրությունը կազմելու պահին։
Ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրում է, որ ցանցային օպերատորը տեսալսողական ծրագրերը վերահաղորդելիս պարտավոր էր պահպանել Օրենքի առանձնահատկությունները սահմանող դրույթները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներից և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Անդրադառնալով «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցին, նշվեց, որ Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման իրականացման արդյունքում հայտնաբերված Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պահանջի խախտման փաստը:
Ըստ կազմված արձանագրության, Ընկերության «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրում ցուցադրված «Անունս՝ վրեժ է» ֆիլմի տեսագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Հանձնաժողովի 28․06․2024 թ․ «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 73-Ն և «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 74-Ն որոշումներով հաստատված չափորոշիչներին համապատասխանող արարքներ, մասնավորապես՝ ֆիզիկական բռնություն պարունակող կադրեր, անչափահասին՝ այլոց նկատմամբ ֆիզիկական վնաս պատճառելու գործողությունների դրդող և քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող տեսարան և ձայնաշար։
Նիստի ընթացքում «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» Ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց պարզաբանումները և բացատրությունները:
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ, խիստ կարևոր է որոշակի ժամերին անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակման արգելքը, որը ըստ էության կապված է հանրային շահի հետ։
Այսպիսով ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, Հանձնաժողովի 28.06.2024թ. թիվ 73-Ն որոշման 4-րդ կետով և թիվ 74-Ն որոշման 5-րդ կետով Հեռուստատեսության և ռադիոյի որոշեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Օրակարգային հաջորդ՝ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով 15․08․2024 թ․ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ունեցող «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ։ Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատրի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական հաղորդումների վերահաղորդումը, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։ Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքի կետերով 30․08․2024 թ․ ընդունել է ««ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» թիվ 87-Ա որոշումը՝ կասեցնելով ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը տասը օր ժամկետով:
Նիստի ընթացքում ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել ցանցային օպերատորի գործունեություն իրականացնելու (վերսկսելու) վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ՝ տեղեկանքներ, բացատրություններ, փաստաթղթեր, նյութեր և այլն, որոնք հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց վերացնել «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ին։