ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ցանցային օպերատորների նկատմամբ կիրառվել են տուգանքներ

Այսօր՝ մայիսի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԻՆՏԵՐՆԵՇՆԼ ԴԻՍՏՐԻԲՈՒՇՆ ՑԵՆՏՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման, «Ց.Ա.Ա.Ա.Է.», «ՊՐՈԴԻԶԱՅՆ» և «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությունների հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիաները վերաձևակերպելու հայտերի, «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ», «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» և «ԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ  վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ», «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» և «ԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, օպերատորի գործունեություն իրականացնող «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերություններից պահանջել է Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը։

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետում չեն ներկայացվել անհրաժեշտ տեղեկատվությունը, Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, Ընկերությունների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ, միաժամանակ ծանուցել ցանցային օպերատորներին և հայտնել, որ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները:

Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» ՍՊ ընկերության կողմից Հանձնաժողով է ներկայացվել պարզաբանում, վերահեռարձակվող հեռուստաալիքների ցանկը և դիստրիբյուտորների մատակարարած հեռուստաալիքների անվանումները և ժամկետները, նշելով, որ անհրաժեշտ տեղեկատվությունը ուշացվել է ընկերության տնօրենի առողջական խնդիրների հետևանքով բուժման ընթացքի մեջ գտնվելու պատճառով, ինչի արդյունքում էլ ուշացվել է հաշվետվությունը ուղարկելու ժամկետները: Միաժամանակ խնդրելով կարճել վարույթը, խոստանալով հետագայում զերծ մնալ ուշացումներից:

Հարուցված վարչական վարույթների վերաբերյալ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերությունների կողմից որևէ պարզաբանում և բացատրություն չեն  ներկայացվել։

Այսպիսով, վարչական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» Ընկերության կողմից իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին տեղեկատվություն չներկայացնելու պատճառը հանդիսացել է ընկերության տնօրենի առողջական խնդիրները, ով գտնվել է բուժման ընթացքի մեջ, իսկ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել պահանջված վերահաղորդվող տեսալսողական ծրագրի ամբողջական ցանկը՝ գրությամբ պահանջվող տեղեկատվությամբ։

 Այսպես, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ», «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված  նվազագույն աշխատավարձի 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացեց նաև, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատոր «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության կողմից 2022 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2023 թվականի ապրիլի 01-ը Հանձնաժողով չի ներկայացվել։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ցանցային օպերատորի կողմից որևէ պարզաբանում և բացատրություն չի  ներկայացվել, իսկ Հանձնաժողովը ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով որոշեց «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«ԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հանձնաժողովի կողմից, իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրվել է «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության (կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ընթացքում Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթների պահանջների խախտման փաստ: Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի նախագահի 2023 թվականի ապրիլի 7-ի թիվ 13-Ա հրամանի համաձայն օպերատորների գործունեության տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, որին ծանոթացել և տեղում ստորագրել է ցանցային օպերատորի ներկայացուցիչ՝ «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության տնօրենը և առարկություններ չի հայտնել։ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է նաև «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ընկերության կողմից 2023 թվականին Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում ներառված մի շարք տեսալսողական ծրագրերի վերահաղորդում արձանագրությունը կազմելու պահին չի իրականացվել, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները: Միաժամանակ պարզվել է, որ «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չեն որոշ տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ ցանցային օպերատորը տեսալսողական ծրագրերը վերահաղորդելիս պարտավոր էր պահպանել Օրենքի առանձնահատկությունները սահմանող դրույթները։ Այսպես, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին Հանձնաժողովը որոշում է կայացրել հաստատել «ԻՆՏԵՐՆԵՇՆԼ ԴԻՍՏՐԻԲՈՒՇՆ ՑԵՆՏՐ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը, միաժամանակ բավարարելով «Ց.Ա.Ա.Ա.Է.», «ՊՐՈԴԻԶԱՅՆ» և «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերություննների հայտերը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել տրամադրված լիցենզիաները։