ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթ

Այսօր, դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու, «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության` ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 28-ի «Լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը սահմանելու մասին» թիվ 82-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով առաջին հարցը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։

Քննարկելով «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության դիմումը Հանձնաժողովը բավարարել է դիմումը և 2022 թվականի դեկտեմբերի 28-ից տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» տեսալսողական ծրագրի կողմից հեռարձակված ֆիլմերը և մուլտֆիլմերը օտար լեզվով, առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության՝ Օրենքի պահանջի խախտման փաստեր: Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել նշված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ, միաժամանակ խնդրելով հաշվի առնել ընթացիկ աշխատանքներով պայմանավորված հանգամանքները, մասնավորապես՝ օրվա ընթացքում հեռարձակվող տեսալսողական հաղորդումների մեծ քանակը, հեռարձակման հաճախականությունը և այլն, որոնք պայմանավորվում են թարգմանչական աշխատանքների իրականացման համար որոշակի ժամկետներով և, որ Հեռարձակողի նպատակն է թարգմանությունների որակապես բարձր մակարդակ ապահովելը:

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, Հանձնաժողովն  ամրագրում է, որ «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» տեսալսողական ծրագրի ընթացքում, ցուցադրվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր օտար լեզվով՝ առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ և 31-րդ մասերով սահմանված տուգանքը, նշանակելով տույժ՝ 696 939 (վեց հարյուր իննսունվեց հազար ինը հարյուր երեսունինը) ՀՀ դրամի չափով:

Օրակարգային վերջի հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ հիմք ընդունելով 26․10․2022 թվականին ընդունված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-404-Ն օրենքը՝  Հանձնաժողովը որոշում է 2020 թվականի օգոստոսի 28-ի «Լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը սահմանելու մասին» թիվ 82-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացում։

Մասնավորապես․ «2․ Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները, որոնք եթեր են հեռարձակում նաև մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ և ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը` օրվա ընթացքում՝ համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, և լրատվական տեսալսողական հաղորդում և ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝  հետևյալ ձևով և եթերային ժամերին.

1) մանկական տեսալսողական հաղորդումները պետք է եթեր հեռարձակվեն աշխատանքային օրերին ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում հայերեն ժեստերի լեզվով տեսանելի թարգմանությունը պարտադիր է,   

2) լրատվական տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով պետք է եթեր հեռարձակվեն ժամը՝ 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ընդ որում ժեստերի լեզվով տեսանելի թարգմանութունը կամ հայերեն ենթագիրը պարտադիր տեսանելի ձևով»։

Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից: