ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տուգանվել է «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ընկերությունը

Այսօր, դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության` ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Ներկայացնելով օրակարգային՝ «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ արձանագրել է լսողական մեդիածառայություն մատուցող «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ»ՍՊ ընկերության կողմից իր «Տոտո Սպորտ» լսողական ծրագրի եթերում Օրենքով և «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստ։ Հանձնաժողովը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով մշտադիտարկման արդյունքում «Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների և օպերատորների գործունեության մշտադիտարկման (ուղղակի դիտարկում իրականացնելու միջոցով)  իրականացման և արդյունքների վերաբերյալ» կազմված արձանագրությունը։

 Ըստ կազմված արձանագրության՝ Հեռարձակողի կողմից հեռարձակվող «Տոտո Սպորտ» լսողական ծրագրի 2022 թվականի հոկտեմբերի 16-ի եթերի ձայնագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է պարբերաբար հնչող արտահայտություններ, որոնք պարունակում են տարր, որը շփոթելու աստիճան նման է վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերության անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ «Գովազդի մասին» օրենքով նախատեսված են սահմանափակումներ»։

Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողի կողմից չեն պահպանվել «Գովազդի մասին» օրենքով ամրագրված սահմանափակումները՝ դրանով իսկ խախտելով «Գովազդի մասին» օրենքի պահանջը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ»ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

«ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության` ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցի քննությունը հետաձգվել է կողմի բացակայության պատճառով։