ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարճվել է «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը

Այսօր, նոյեմբերի 18-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ քննարկվում է նոյեմբերի 11-ի օրակարգի՝ «ԱՐՄԵՆԻԱ-ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, որը հետաձգվել էր «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲ ընկերության կողմից վարչական վարույթի նյութերին ծանոթանալու համար ներկայացրած միջնորդության համար,  և որը բավարարվել էր։

Միաժամանակ նշվեց, որ Ընկերության ներկայացուցիչը ծանոթանալով վարչական վարույթի նյութերին, գրավոր դիմել էր Հանձնաժողովին, խնդրելով վերը նշված  վարչական վարույթը քննել առանց «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի ներկայության:

Հիշեցնենք, որ Ընկերությունը դիմում–բողոքով դիմելով ՀՀ պետական եկամուտների կոմիտե (բողոքը վերահասցեագրվել է Հանձնաժողով) տեղեկացրել է, որ իր կողմից իրականացվել է շահումով խաղերի ոլորտի որոշակի ուսումնասիրություններ և մրցակից ընկերությունների կողմից արձանագրվել են գովազդի մի շարք խախտումներ, որոնք խաթարում են հավասար մրցակցային պայմանները և հանգեցնում են ոչ բարեխիղճ մրցակցության, մասնավորապես նմանօրինակ իրավիճակ է առկա «Դիջիթեյն» ՍՊ ընկերության կողմից իրականացվող գովազդների (Toto gaming) ընթացքում։

Ըստ Ընկերության դիմում–բողոքի՝ «Դիջիթեյն» ՍՊ ընկերությունը «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ընկերության «Արմենիա» տեսալսողական ծրագրի կողմից հեռարձակվող «Զանգիր Ասեմ» տեսալսողական հաղորդման ընթացքում իրականացնում է ինչպես թաքնված, այնպես էլ բացահայտ գովազդներ։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և հիմք ընդունելով Ընկերության դիմում-բողոքը՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և ծանուցել Հեռարձակողին։

Վարչական վարույթի շրջանակներում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում։

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրում է, որ Ընկերության կողմից մատնանշված տեսալսողական հաղորդաշարի ձևավորման մեջ առկա չէ «TOTO GAMING» ապրանքային նշանի անվանումը, որը նույնականացվում է վիճակախաղերի կազմակերպման  և գործունեությամբ  զբաղվող ապրանքանիշի հետ։

Ուսումնասիրելով նաև Հեռարձակողի կողմից Հանձնաժողով ներկայացված՝ եթեր հեռարձակված «Զանգիր ասեմ» տեսալսողական հաղորդման ձայնագրությունը Հանձնաժողովն արձանագրում է, որ հաղորդագրության  «Դաբլ Դուբլ 300 շահումներ ամեն օր կրկնապատկվում են։ Շահում ես մեկը, տանում ես կրկնապատիկ» բովանդակությունը եթեր չեն հեռարձակվել։

Այսպիոսվ, ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները և Հեռարձակողի գրությունը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։