ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Այսօր, նոյեմբերի 11-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄԵՆԻԱ-ԹԻ-ՎԻ» և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով օրակարգային` «ԱՐՄԵՆԻԱ-ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲ ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտե հասցեագրված դիմում–բողոքով (բողոքը վերահասցեագրվել է Հանձնաժողով) տեղեկացրել է, որ իր կողմից իրականացվել է շահումով խաղերի ոլորտի որոշակի ուսումնասիրություններ և մրցակից ընկերությունների կողմից արձանագրվել են գովազդի մի շարք խախտումներ, որոնք խաթարում են հավասար մրցակցային պայմանները և հանգեցնում են ոչ բարեխիղճ մրցակցության, մասնավորապես նմանօրինակ իրավիճակ է առկա «Դիջիթեյն» ՍՊ ընկերության կողմից իրականացվող գովազդների (Toto gaming) ընթացքում։

Ըստ Ընկերության դիմում–բողոքի՝ «Դիջիթեյն» ՍՊ ընկերությունը «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ընկերության «Արմենիա» տեսալսողական ծրագրի կողմից հեռարձակվող «Զանգիր Ասեմ» տեսալսողական հաղորդման ընթացքում իրականացնում է ինչպես թաքնված, այնպես էլ բացահայտ գովազդներ։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և հիմք ընդունելով Ընկերության դիմում-բողոքը՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և ծանուցել Հեռարձակողին։

Վարչական վարույթի շրջանակներում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում,  որոնք ներկայացրել է նաև նիստի ընթացքում և խնդրել կարճել հարուցված վարչական վարույթը։

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները լսելով «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության ներկայացուցչի ներկայացրած պարզաբանումները, միջնորդություն են ներկայացրել նյութերին ծանոթանալու համար հետաձգել հարցի քննությունը, որը Հանձնաժողովի կողմից բավարարվել է։

Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի  8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։

Հարուցված վարչական վարույթի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Հեռարձակողի «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագրի եթերում հեռարձակված «Ընտանեկան գաղտնիքներ» ֆիլմը պարունակում է ծխելու տեսարաններ, մասնավորպես՝ նարգիլե և ծխախոտ ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը»  գրառմամբ։

Հանձնաժողովն ուսումնասիրվելով վարչական վարույթի մասնակիցների ներկայացված փաստերը և պարզաբանումները, համադրվելով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքների հետ, արձանագրել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով որոշել «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով: