ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովը վարկանիշային քվեարկության միջոցով գնահատել է մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին

Այսօր, հոկտեմբերի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության և «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երկու ընկերություն՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 55 և 78 միավոր:

Անդրադառնալով օրակարգային երկրորդ հարցին նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի պահանջի խախտում։

Հանձնաժողովը իրականացրել է ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով և կազմել արձանագրություն, համաձայն որի՝ ցանցային օպերատորի հեռարձակող կայանում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվել են թվով 41 տեսալսողական ծրագրեր, սակայն ցանցային օպերատորը այդ մասին Հանձնաժողով տեղեկություն չի ներկայացվել։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել իր կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրի ամբողջական ցանկը։ Հանձնաժողովում կատարվել է արձանագրությամբ նշված տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի ներկայացրած վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից փաստացի վերահաղորդվել են տեսալսողական ծրագրեր, որոնք բացակայում են վերջինիս կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկից։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորի կողմից տեսալսողական ծրագրերի վերահաղորդումն իրականացվում է առանց պայմանագրերի, խախտվել է Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ցանցային օպերատորի կողմից իրականացվել է իրավախախտում։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐՈՒԹՆԵԹ»  ՍՊ  ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։