ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու, «ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության` ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և«ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց 2022 թվականի մայիսի 20-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանել 2022 թվականի սեպտեմբերի 13-ը (ժամը 12։00), որի ժամանակ փակ վարկանիշային քվեարկությամբ կկատարվի յուրաքանչյուր մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

Քննարկելով օրակարգային հաջորդ հարցը Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:

Հանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացնելով «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտ ընդունելու մասին հարցը նշեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝իրականացրած մշտադիտարկման և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների ստուգման արդյունքում արձանագրել է լսողական մեդիածառայություն մատուցող «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության կողմից «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման կարգի խախտման փաստեր: Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել, իսկ Հանձնաժողովը վերլուծելով և գնահատելով սույն գործի հետ կապված փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Հեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, Հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 154-Ա որոշմամբ և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 15-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Օրակարգային վերջին հարցը ներկայացնելիս, նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «Վիասաթ Գլոբալ» ՍՊ ընկերությունը («Виасат Глобал» ООО)  դիմումը, որտեղ նշված է «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրային հիմունքների վերահաղորդելու վերաբերյալ փաստը: Ըստ դիմումի Ընկերության և ցանցային օպերատորի միջև տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար ցանցային օպերատորին ՀՀ տարածքում իրականացնել տեսալսողական ծրագրերի վերահաղորդում, սակայն ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագիր կնքելու վերահաղորդվում են տեսալսողական ծրագերը: Դիստրիբյուտորը խնդրել է միջոցներ ձեռնարկել ցանցային օպերատորի կողմից անօրինական վերահաղորդումը դադարեցնելու ուղղությամբ։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորը Հանձնաժողով հասցեագրած գրությամբ հայտնել է, որ դիմումի մեջ նշված տեսալսողական ծրագրերը իրենց կողմից չեն վերահաղորդվում, միաժամանակ հայտնելով, որ իրենցկայքը վերջերս է վերագործարկվել և դեռ  առկա են տեխնիկական խնդիրներ, որոնց արդյունքում կարող է կայքում հին տեղեկատվություն արտացոլվել:

Հանձնաժողովի կողմից տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել է ցանցային օպերատորի գործունեության մշտադիտարկման իրականացման և արդյունքների  վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի՝ ցանցային օպերատորի բոլոր երեք ենթակառուցվածքներում (անալոգային հեռարձակման ցանց, թվային հեռարձակման ցանց և IPTV ձևաչափ) ցանցային օպերատորի կողմից չեն վերահաղորդվում դիմումում նշված տեսալսողական ծրագրերը։

Այսպիսով. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտում չի հայտնաբերվել: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ԷՖ ՆԵԹ»ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։