ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վիլնյուսում կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր

Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հրավերով հունիսի 9-11-ը աշխատանքային այցով Վիլնյուսում էր գտնվում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Այցի շրջանակներում կարգավորող երկու մարմինների ղեկավարները կնքել են համագործակցության համաձայնագիր, որին ներկա է գտնվել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը:

Ստորագրված համաձայնագրի նպատակն է նպաստել տեսալսողական մեդիայի կարգավորման ոլորտում փոխգործակցության զարգացմանը, իրականացնել փորձի, մասնագետների և փորձագետների փոխանակում, տեսալսողական մեդիադաշտը կարգավորող մարմինների գործառույթների ուսումնասիրություն, կազմակերպել համատեղ քննարկումներ և տեղեկատվության փոխանակում տեսալսողական մեդիադատշի կարևոր խնդիրների և դրանց ռազմավարության վերաբերյալ։

Երկուստեք հետաքրքրություն պարունակող հարցերի քննարման արդյունքում մշակվել է հետագա քայլերի, համատեղ գործունեության միջնաժամկետ ծրագիր։

ՀՌՀ նախագահը այցելել է Լիտվայի Հանրային հեռուստատեսություն, ծանոթացել Հանրային հեռարձակողի գործունեությանը, ֆինանսավորման հայեցակարգին, մասնագիտական էթիկայի պահպանմանն ուղղված նորմերին։