Այսօր՝ հունիսի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում հինգ հարց՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՌԱԴԻՈ ՀԱՅ», «ԷՖ ՆԵԹ» և «ԱՆԳԵՂ ՏՎ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ:
Օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հեղինակազորված «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի կողմից հեռարձակված «Մագավտո» տեսալսողական հաղորդման ընթացքում արգելված ժամանակահատվածում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված թունդ ալկոհոլային խմիչքի` կոնյակի գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտում։ Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Ուսումնասիրելով և համադրելով վարչական վարույթի նյութերը Հանձնաժողովը որոշում է կայացրել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Օրակարգի երկրորդ հարցով զեկուցվեց, որ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հեղինակազորված «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի կողմից 2021 թվականի ապրիլի 23-ին, ապրիլի 25-ին, ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին հեռարձակված համապատասխանաբար «Պրոֆ ֆակտ», «Ի˚նչ եփել այսօր» տեսալսողական հաղորդումների և «Մուլտիկնիկ» մանկական տեսալսողական հաղորդման ժամանակ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 28-ի «Լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը սահմանելու մասին» թիվ 82-Ա որոշման դրույթների պահանջների խախտումներ։ Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշել է կարճել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
Օրակարգի երրորդ հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության Գյումրի գրասենյակի դիմումը, որում նշված է լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության «Ռադիո Հայ» ծրագրի կողմից Շիրակի մարզում հանրապետական ծրագրից տարբերվող, փոփոխված տեսալսողական ծրագրի հեռարձակման մասին փաստի վերաբերյալ։
Ընկերությունն իր դիմումում հայտնել է, որ Հեռարձակողը, որը Հանձնաժողովի կողմից լիցենզավորված և հանրապետական սփռում իրականացնող լսողական մեդիածառայություն մատուցող է, Շիրակի մարզում «Ռադիո Հայ» ծրագրի միջոցով իրականացնում է իր հանրապետական սփռման լսողական ծրագրից տարբերվող, փոփոխված լսողական ծրագիր:
Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Ընկերության դիմումը՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։
Վարչական վարույթի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ Հեռարձակողը Շիրակի մարզում «Ռադիո Հայ» ծրագրի միջոցով իրականացնում է իր լսողական ծրագրից տարբերվող, փոփոխված լսողական ծրագիր՝ խախտելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջը, որը հիմք ընդունելով Հանձնաժողովը «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները չկրկնելու հանձնարարությամբ։
«ԷՖ ՆԵԹ» և «ԱՆԳԵՂ ՏՎ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու պատճառ է հանդիսացել ցանցային օպերատորների կողմից առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու փաստերի վերաբերյալ դիմումները:
«ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերության նկատմամբ Հանձնաժողովը կիրառել է վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ «Էֆ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ։