ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների մասնակիցների ցանկը, սահմանվել՝ հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օրերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների մասնակիցների ցանկը:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2020 թվականի նոյեմբերի 17-ը՝ հանրապետական սփռման մրցույթի համար, նոյեմբերի 18-ը՝ մայրաքաղաքային սփռման մրցույթի համար և նոյեմբերի 19-ը՝ մարզային սփռման մրցույթների համար։ Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

Տեղեկացնենք նաև, որ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը լինելու է փակ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապահովի մրցույթների անցկացման ուղիղ հեռարձակում, որը հասանելի կլինի բոլորի համար։

Մրցույթի յուրաքանչյուր մասնակցի կողմից կարող է ներկա լինել առավելագույնը չորս անձ, որոնց տվյալներն անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 16-ը ուղարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի secretariate@tvradio.am էլեկտրոնային հասցեով, իսկ մրցույթի յուրաքանչյուր մասնակցի մեկ ներկայացուցիչ կարող է ներկա գտնվել նիստերի դահլիճում՝ մրցույթի ողջ ընթացքում:

Միաժամանակ, 2020 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՀՀ Արարատի մարզի տարածքներում սփռման մրցույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 143-Ա որոշմամբ հայտարարվել են չկայացած` մրցույթներին մասնակցելու համար սահմանված ժամանակահատվածում (23.10.2020թ.-11.11.2020թ.) հայտեր չներկայացվելու հիմքով: