ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՒՂԵՑՈՒՅՑ. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցների վերաբերյալ (հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթին մասնակցող հեռարձակողների համար)

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով տրված է նոր հասկացության սահմանում՝ այն է, «էթիկայի կանոնագիր», որը օրենքի համաձայն Հեռարձակողի կողմից ինքնուրույն կազմված փաստաթուղթն է սեփական էթիկական նորմերի վերաբերյալ:

Նշված կանոնագիր ունենալը պարտադիր է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մրցույթին մասնակցելու համար եւ պետք է կցվի մրցույթի մասնակցության հայտին, որը լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանա լիցենզիայի պայման։ Բացի էթիկայի կանոնագիրը՝ Հեռարձակողի կողմից հայտին կցվում է նաեւ էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, որոնք նույնպես լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայման։ Համապատասխանաբար, էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելու դեպքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված են պատժամիջոցներ։

Էթիկայի կանոնագիրը, ինչպես սահմանված է Օրենքում, ընդունվում է Հեռարձակողի կողմից եւ ներառվում մրցութային առաջարկում որպես պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ։ Հեռարձակողը պարտավոր է նաեւ սահմանել իր կողմից ընդունված էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, ինչը ենթադրում է, որ Հեռարձակողը պետք է մեխանիզմներ սահմանի էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու համար։

Ուսումնասիրելով միջազգային փորձը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը առաջարկում է Հեռարձակողներին էթիկայի կանոնների կիրառման ապահովելու մի քանի տարբերակներ․

  1. Հեռարձակողը կարող է միանալ այնպիսի հասարակական նախաձեռնության/ կառույցի, որը գործում է լրագրողական ոլորտում որպես ինքնակարգավորման մարմին, ունի սահմանված էթիկայի կանոններ եւ դրանց կիրառման մեխանիզմներ։ Այս դեպքում Հեռարձակողը համաձայնվելով նշված նախաձեռնության/կառույցի էթիկայի կանոնների կիրառմանը, ինչպես նաեւ ընդունելով կիրառման մեխանիզմները սահմանող փաստաթուղթը՝ այլեւս կարիք չի ունենա իր առանձին էթիկայի կանոնագիրը եւ կիրառման միջոցները մշակելու։ Լինելով այդպիսի ինքնակարգավորման համակարգի մասնակից, հեռարձակողը համապատասխան հանգամանքը հաստատող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնի մրցակցային հայտին կից։ Նշված փաթեթը պետք է ներառի ա․ հեռարձակողի հավաստումը ինքնակարգավորման նախաձեռնության/կառույցի մասնակից լինելու, վերջինիս էթիկայի կանոնակարգին միանալու եւ դրա կիրառման մեխանիզմները ընդունելու մասին բ․ տվյալ ինքնակարգավորման նախաձեռնության/կառույցի կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքը, կամ համագործության վերաբերյալ պայմանագիրը, գ․ կանոնակարգը, դ․ ինքնակարգավորման մեխանիզմների փաստագրված նկարագրությունը։ Մրցույթի արդյունքներով լիցենզավարված հեռարձակողի կողմից էթիկայի կանոնների պահպանման հետ կապված բոլոր ընթացակարգերը, այդ թվում քաղաքացիների/կազմակերպությունների բողոքները դիտարկումը, իրականացվելու են համաձայն համապատասխան ինքնակարգավորման նախաձեռոնության/կառույցի ընթացակարգերին համապատասխան։
  2. Մի քանի հեռարձակող կարող են միանալ եւ միասին սահմանեն էթիկայի կանոնագիր, որին պարտավորվում են հետեւել, իսկ էթիկայի կանոնագրի հետ կապված վեճեր, բողոքներ լինելու դեպքում ընդհանուր որոշել դրանց լուծման եղանակը, ձեւավորելով համապատասխան մարմին եւ ընթացակարգեր։ Մասնավորապես, այս դեպքում Հեռարձակողները ներկայացնում են նաեւ նշված մարմնի ձեւավորման ընթացակարգը եւ գործունեության կարգը (աշխատակարգը)։ Վերջինում պետք է մանրամասն շարադրված լինի նիստեր հրավիրելու, քննարկումներ կազմակերպելու եւ որոշումների ընդունման կարգերը։ Այս դեպքում Հեռարձակողի կողմից ներկայացված մրցութային փաթեթում պետք է ներառված լինեն տվյալ ինքնակարգավորման կառույցի ստեղծման որոշումը, կանոնագրի եւ համաձայնեցված կարգերի առկայությունը հավաստող փաստաթղթերը։
  3. Հեռարձակողը կարող է ընտրել նաեւ ներքին ինքնակարգավորման տարբերակը։ Այս դեպքում նա սահմանում է իր էթիկայի կանոնագիրը, դրա դրույթների ապահովման եղանակը եւ ստեղծում/նշանակում դրա համար պատասխանատու մարմին (ստորաբաժանում) կամ անձ (օմբուդսմանին)։ Մրցույթին ներկայացվաղ փաթեթը պետք է ներառի ՝
    ա․ Հեռարձակողի կողմից ընտրած ինքնակարգավորման տարբերակը (մոդելը) նկարագրող եւ հիմնադրի կողմից հաստատված փաստաթուղթ,
    բ․ էթիկայի կանոնագիրը,
    գ․ ընդունված եւ հիմնադրի կողմից հաստատված համապատասխան աշխատակարգը,
    դ․ ինքնակարգավորման գործառույթը իրականացնող մարմնի (ստորաբաժանման) կազմը կամ անձի անունը։
    Հաշվի առնելով, որ էթիկայի կանոնների խախտման կամ ոչ բավարար պահպանման վերաբերյալ բողոքները հիմնականում լինում է այլ անձանց կողմից, որոնք չեն հանդիսանում Հեռարձակողի աշխատողներ, շահերի բախումից խուսափելու նպատակով նշված մարմնի (ստորաբաժանման) կազմը կամ անձը չպետք է հանդիսանան Հեռարձակողի հետ այլ աշխատանքային պայմանագրեր ունեցող անձիք։

Նշված տարբերակները սպառիչ չեն եւ յուրաքանչյուր Հեռարձակող կարող է այլ տարբերակով սահմանել իր էթիկայի կանոնագիրը եւ դրա դրույթների ապահովման միջոցները: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մրցությների արդյունքերը ամփոփելիս առավել բարձր է գնահատելու ինքնակարգավորման այն տարբերակները, որոնք թույլ կտան անկողմնակալ եւ արդյունավետ կիրառել մասնագիտական էթիկայի կանոնները։