ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում կայացել է հանդիպում հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում գործող հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպման նպատակը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների քննարկումն է, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի ներկայացումը:

Մինչ աշխատանքային քննարկմանն անցնելը Տ. Հակոբյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովն սկսել է Հեղինակազորման գործընթացը:

<Ցանկանում եմ առիթն օգտագործել և շնորհավորել առաջինը Հեղինակազորման վկայագրեր ստացած ընկերություններին և հանձնել Վկայագրերը: Ի դեպ առաջին հեղինակազորման հայտերը ստացել ենք մարզային հեռուստաընկերություններից, որոնք աշխատում են դժվարին պայմաններում և մշտապես ունեն հոգատարության կարիք>,- նշել է ՀՌՀ նախագահը և <Գեղամա Մեդիա Հոլդինգ>, <Ցայգ>, <Ֆորտունա> և <Լոռի ԹԻ-ՎԻ> ընկերությունների ղեկավարներին հանձնել վկայագրերը:

Ներկաները քննարկել են օրենքի բովանդակությունը, հեռուստաընկերությունների գործունեությունը կարգավորող հոդվածները: ՀՌՀ կողմից ներկայացվեց նաև լիցենզավորման նոր կարգը, պահանջվող փաստաթղթերի լրացման ուղենիշները և այլն: Հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստակամ են անհրաժեշտ խորհրդատվական աջակցության տրամադրման՝ մրցույթին հայտ ներկայացնող բոլոր հեռուստաընկերություններին:

Սկսված հարցուպատասխանի ընթացքում հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են կանոնակարգի, լրատվական հաղորդման ընթացքում թեմաների ընտրության, բովանդակության, գովազդին վերաբերող և այլ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերի առաջացաման դեպքում կապ հաստատել Հանձնաժողովի անդամների, պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ քննարկելու և պարզաբանում ստանալու համար:

Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է օգոստոսի 5-ին, ուժի մեջ մտել՝ 7-ին: