ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում կայացել է նիստ, որի ընթացքում կարգեր են հաստատվել

Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր ութ հարց՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի, մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի, ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու վերաբերյալ, «ԷՅՉՆԵԹ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ԼՈՌՈՒ ՄԻԳ» և «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ:  

Նիստի օրակարգի հաստատումից հետո Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը Հանձնաժողովի անդամներին ներկայացնելովօրակարգային առաջին երեք հարցերը նշել է, որ այդ կարգերով սահմանվում են լիցենզավորման մրցույթի կազմակերպման, անցկացման, վարկանիշային քվեարկության իրականացման, ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման, մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգերը: Միաժամանակ նշելով, որ կարգերից յուրաքանչյուրում մանրամասն ներկայացված են մրցույթների մասին անհրաժեշտ տեղեկատվություն հայտերի ընդունման, հրապարակման, դրանց ներկայացվող պահանջների, փորձագետների ընտրության,որոշման ընդունման, ինչպես նաև արդյունքների հրապարակման մասին, սլոթի օգտագործման և մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտերի ու ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի ձևերը, ինչպես նաև լիցենզիաների ձևանմուշները (որոշումները ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրը՝ www.arlis.am):  

Քննարկելով օրակարգային մյուս հարցերը Հանձնաժողովը բավարարել է բոլոր դիմումների պահանջները: