ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Նոր չափորոշիչներ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար

Այսօր` օգոստոսի 28-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր տասը հարց՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանելու մասին», «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին», «Լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդումներ ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը սահմանելու մասին» որոշման նախագծի, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ», «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3», «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ», «ՕԴԱԿ», «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերությունների և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հեղինակազորման հայտերի վերաբերյալ:

Նիստի ընթացքում, Հանձնաժողովի անդամներն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով սահմանել են տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների կողմից սպառողին ներկայացվող տեսալսողական տեղեկատվության թեմատիկ ուղղվածությունների բովանդակությունը, դրանց հասկացությունները, թեմատիկ տեսալսողական հաղորդումների տեսակները, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար օրվա ընթացքում ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով հեռարձակման եթերային ժամերը:

Օրակարգային հաջորդ հարցերի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները քննարկելով հեղինակազորման վերաբերյալ ներկայացված հայտերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի դրույթներով, բավարարել են բոլոր հայտերի պահանջները և ընկերություններին հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: