ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Չեղարկվել են թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզավորման համար հայտարարված մրցույթները

Այսօր` օգոստոսի 7-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում մեկ հարց՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 63-Ա որոշմամբ հայտարարված մրցույթները չեղարկելու վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 5-ին ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որն համաձայն նշված օրենքի Հոդված 60-ի 1-ին կետի ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ կետով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքն ուժը կորցրած է ճանաչվում: Օրենքը պաշտոնապես հրապարակվել է օգոստոսի 6-ին, պաշտոնապես ուժի մեջ է մտել այսօր՝ օգոստոսի 7-ին:

ՀՌՀ-ն առաջնորդվելով արդեն իսկ գործող օրենքի Հոդված 60-ի 23-րդ կետի դրույթներով՝ «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիայի մրցույթը հայտարարված լինելու, բայց հայտերի քվեարկությունը կայացած չլինելու դեպքում այն չեղարկվում է, և մրցույթ է հայտարարվում սույն օրենքով սահմանված կարգով:», որոշում է կայացրել չեղարկել հայտարարված մրցույթները: