Այսօր՝ մարտի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «ԲԵԴԼԱՅՆ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա, «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցի վերաբերյալ։
Քննարկելով «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցը, Տիգրան Հակոբյանը նշել է, որ ՀՌՀ է դիմել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունը և նշել, որ տվյալ ընկերությունը չունենալով վերահեռարձակման թույլտվություն մի շարք հեռուստածրագրերի համար, (որոնց հեռարձակման թույլտվությունը պատկանում է «ՅՈՒՔՈՄ» ընկերությանը), իրականացրել է վերահեռարձակում:
Հանձնաժողովն ուսումնասիրելով ներկայացրած փաստերը, դրանք համադրվելով տեղում իրականացրած դիտարկման արդյունքների հետ, պարզել է, որ Ընկերության կողմից իրականացվում է ոչ սեփական հեռուստածրագրերի վերահեռարձակում` առանց Հանձնաժողովի թույլտության, դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, 58-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` Հանձնաժողովը որոշել է «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Քննարկելով օրակարգային հաջորդ հարցերը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «ԲԵԴԼԱՅՆ» ընկերությանը Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա և «ՖՐՈՒԹՆԵԹ» ընկերությանը ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումները: