ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Արտակարգ դրության պայմաններում հեռուստառադիոընկերությունների գործելու հետ առնչվող որոշ պարզաբանումներ

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն և սահմանվել են կանոններ նաև զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների  վերաբերյալ, համաձայն որի  Հայաստանի Հանրապետությունում վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ  հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների  հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով` ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով:

Վերը նշված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է վերարտադրեն այն:

Այդ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների նկատմամբ:

Այս դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Ներկայացնում ենք արտակարգ դրության ժամանակակ  հեռուստատեսության և ռադիոյի գործունեությանը վերաբերող իրավական ակտերից մի շարք մեջբերումներ:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած` Կառավարության այլ անդամին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

2. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հանձնաժողովը:»

Հանձնաժողովը սահմանել է «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները» համաձայն որի՝

1. Սույն կարգով սահմանվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման պայմանը վարչապետի կամ նրա կողմից լիազորված` Կառավարության այլ անդամի կողմից հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը դիմելու փաստն է:

3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են վարչապետի կամ նրա կողմից լիազորված` Կառավարության այլ անդամին յուրաքանչյուր եթերային ժամում տրամադրել առնվազն 5 (հինգ) րոպե եթերաժամանակ պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

4. Հեռուստաընկերությունները պարտավոր են օրվա ընթացքում կատարված պաշտոնական հայտարարություններից առնվազն երկուսը հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

5. Սույն կարգի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային կապով եթերի հեռարձակման դեպքերի վրա:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի չպահպանումը կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման՝ մինչև իսկ լիցենզիայի դադարեցման:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտակարգ ռեժիմի կարգավորումները կիրառելի են ինչպես աշխատանքային, այսպես էլ՝ ոչ աշխատանքային օրերին՝ հորդորում ենք Ձեր աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել այս հանգամանքը և ոչ աշխատանքային օրերին աշխատավայրում ունենալ աշխատակազմ:

Տեղեկացնում ենք նաև, որ Պարետի ցուցումով կարող են սահմնափակվել որոշ համայնքներում տեղաշարժման իրավունքը, սակայն դա չի նշանակում, որ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է, այն է՝ կարող եք տեղաշարժվել ընդհանուր օգտագործման ճանապարհներով և մյուս բոլոր թույլատրելի տարբերակներով և ՀՀ-ում պարետային ժամ հայտարարված չէ: