Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր կայացել է հանդիպում հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման և ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ներկայացուցիչները, պատասխանատու այլ անձինք:
Ողջունելով ներկաներին Հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ հանդիպման հիմնական նպատակը 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՌՀ 14.02.2020թ. N7-Ա որոշման վերաբերյալ պարզաբանում տրամադրելն է:
Ներկաները նախ լսել են Հանձնաժողովի ներկայացուցիչներին, այնուհետ տվել իրենց հուզող հարցերը՝ «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերին տրվող հավասարության, անաչառության, տրամադրվող եթերաժամերի, բովանդակության մշտադիտարկման և այլնի մասին:
Հանդիպման ավարտին երկուստեք համաձայնությամբ որոշել են առաջիկա օրերին կրկին հանդիպել: