ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ն հաստատել է Սահմանադրական հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը

Այսօր՝ փետրվարի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր վեց հարց՝ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումի, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 05-ին կայանալիք հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին», «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին», ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 30-ի թիվ 18-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերի վերաբերյալ։

Ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ Ընկերությունների հեռարձակած ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է՝ հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) անմիջական դիտարկման արդյունքները, գրանցամատյանների և ընկերություններից ստացված տեղեկատվությունը, քարոզչության կողմերի, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների Հանձնաժողով ներկայացրած պաշտոնապես տեղեկատվությունը: Միաժամանակ նշելով, որ քարոզչության կողմերին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և գնահատվում է վճարովի եթերաժամի սակագնի և հայտարարման ժամկետի օրենքի պահանջներին համապատասխանությունը և այլն:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 05-ին կայանալիք հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» հարցի վերաբերյալ Տիգրան Հակոբյանը նշել է, որ ուսումնասիրելով վերջին վեց ամսում գովազդի գները՝ ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար սահմանվել է 1200 (հազար երկու հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 50 000  (հիսուն հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):

«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցի համար հիմք էր հանդիսացել Հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում իրականացնելիս արձանագրված «Նոր Հայաստան» հեռուստածրագրի կողմից «Toto gaming.am» և «Armenia lottery» վիճակախաղերի կամ վիճակախաղի կազմակերպչի գովազդի հեռարձակման ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումը: Ներկայացնելով խախտման մանրամասները և լսելով նիստին մասնակից Ընկերության ներկայացուցիչների պարզաբանումը՝ Հանձնաժողովը որոշել է «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: