ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ինչպես նվազեցնել հեռուստառադիոընկերությունների ստվերային ֆինանսավորումն ու ստվերային կառավարումը

Ներկայումս մշակման փուլում է գտնվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որը պետք է հստակություն մտցնի նաև հեռուստառադիոընկերությունների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցում։ Այս թեմայի շուրջ NewArmenia.am-ը զրուցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան, ակտիվ քննարկվում է ԶԼՄների սեփականության և ֆինանսավորման թափանցիկության հարցը։ Մտավախություն կա, որ իրավական նորմերը խստացնելուց հետո որոշ լրատվամիջոցներ կփակվեն, քանի որ քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորումը կդադարեցվի, և ԶԼՄները չեն կարողանա գոյատևել առանց ստվերային ֆինանսավորման։ Տեղի՞ն է այս մտահոգությունը, քաղաքական ֆինանսավորման հետ կապված որևէ սահմանափակում լինելո՞ւ է։

– Այս խնդրի լուծման ունիվերսալ մոդել գոյություն չունի, յուրաքանչյուր երկիր կարգավորման իր հայեցակարգն ու եղանակն ունի, որի հիմքում են տվյալ պետության քաղաքական համակարգը, քաղաքացիական հասարակության հասունությունը, ավանդույթները և այլն։ Միջազգային փորձն ուսումնասիրելով՝ մենք պետք է գտնենք այն արդյունավետ մոդելը, որը թույլ կտա հայաստանյան տեսաձայնային ծառայություններ մատուցող ընկերություններին բնականոն զարգանալ, ապահովել շահութաբերությունը, մատակարարել որակյալ բովանդակություն, նվազագույնի հասցնել խմբագրական քաղաքականության մեջ միջամտելը թե՛ իշխանությունների, թե՛ հիմնադիրների կողմից: Այո, շատ դժվար է ապահովել լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը, և այստեղ նույնպես այս խնդրի լուծման տարբեր եղանակներ կան, որոնք մոտ ապագայում լայն քննարկման կդրվեն:

Ըստ իս, լիակատար թափանցիկությունն ապահովելն անհնար է. գոյություն ունեն տասնյակ հնարքներ շրջանցելու օրենքի պահանջները: Կարծում եմ, ավելի արդյունավետ կլինի զուգահեռ սահմանել այնպիսի իրավական նորմեր, որոնք հնարավորություն չեն տա օգտագործել հեռարձակվող մեդիաները որպես մանիպուլիացիաների, ապատեղեկատվության գործիք: Օրինակ՝ եթե պահանջ դրվի լրատվական և քաղաքական հաղորդումներում ապահովել անաչառությունը, տարբեր կարծիքների և տեսակետների հնչեցումը, պահանջ դրվի տարանջատել լուրը մեկնաբանությունից, հաղորդումների վարողները պարտավորված լինեն հայտարարել հրավիրված բանախոսների քաղաքական կողմնորոշումը, արգելված լինի կուսակցական պրոպագանդան, ապա կուսակցություններին հետաքրքիր չի լինի իրականացնել ստվերային ֆինանսավորում: Տեսեք, մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե ում է պատկանում, ասենք, տվյալ ապրանք արտադրող գործարանը, մեզ համար կարևոր է, ինչքանով է որակյալ, անվնաս այդ արտադրանքը: Նույն սկզբունքը պետք է ներդնել հեռարձակվող մեդիաների կարգավորման հայեցակարգերում։ Խնդիրը ոչ թե սեփականատերն է, այլ բովանդակությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ www.newarmenia.am կայքում