ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանդիպում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետների հետ

 ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանի և ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ միասին այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական հասարակության բաժնի ներկայացուցիչ Լեյլա Մարշանիայի, միջազգային փորձագետներ Բջորն Էրիքշենի, Կրիստինա Ռոզգոնյիի և Խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Սանդուխչյանի հետ:

Տ. Հակոբյանը ողջունելով նշել է, որ Հանձնաժողովը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, հատկապես համատեղ ծրագրերի իրականացման գործում:

Այնուհետ՝ ներկայացրել Հանձնաժողովի գործառույթները, կարևորելով  առաջիկայում նախատեսվող փոփոխությունները, հատկապես օրենսդրական ոլորտում:

Փորձագետները նշել են, որ այցելության նպատակը մեդիա ոլորտում առաջնային խնդիրների և կարիքների գնահատումն է, դրանց նկարագրությունների և համագործակցության ծրագրերի կազմումը:

Երկու ժամ տևած քննարկումից հետո կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն հետագա համագործակցության ուղղությամբ: