Այսօր՝ հունիսի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում յոթ հարց:
Քննարկվել է «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ և «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները, ինչպես նաև «ՑԱՅԳ», «ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ», «ՅՈՒՔՈՄ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին հարցերը:
«ՑԱՅԳ» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին վարչական վարույթը, որը բացվել էՀանձնաժողով մուտքագրված դիմումի համաձայն՝ մարզային սփռում իրականացնող հեռուստածրագրերի եթերում անչափահասների առողջության, մտավոր զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում հեռարձակելու համար, Հանձնաժողովը քննարկել էր դեռևս նախորդ շաբաթ կայացած նիստին: Սակայն հարցի վերաբերյալ որոշում չէր կայացվել հաշվի առնելով ընկերության ներկայացուցիչների խնդրանքը՝ մեկ շաբաթով որոշման կայացումը հետաձգելու, նյութերին ծանոթանալու և պարզաբանում ներկայացնելու համար, որն ընդունվել էր:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները քննարկելով «ՑԱՅԳ» ընկերության ներակայացուցիչների ներկայացրած գրավոր պարզաբանումները միաձայն որոշում են կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
«ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել լրատվական թողարկումների ընթացքում տարբեր ընկերությունների տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:
«ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Ընկերության կողմից «Արմենիա Պրեմիում» հեռուստածրագրի վերահեռարձակման ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումը։
Ուսումնասիրելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված պարզաբանումները Հանձնաժողովը 4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերությունների նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` «ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ», ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերություններին տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ «ՅՈՒՔՈՄ» ընկերության նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:
Բավարարվել են «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ և «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները: