ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

USAID-ն իրականացնում է քաղհասարակության և մեդիայի սեկտորի գնահատում

USAID ընկերությունը Հայաստանում նախաձեռնել և իրականացնում է քաղհասարակության և մեդիայի սեկտորի գնահատում, նպատակ ունենալով հասկանալու մեդիա ոլորտում գործող մեխանիզմները, հասարակության ձայնը լսելի դարձնելու և հետադարձ կապ ապահովելու համար:

Ընկերության անկախ փորձագետները կառավարության անդամների և պետական մարմինների ղեկավարների հետ հանդիպումների միջոցով փորձում են հավաքագրել այն տեղեկատվությունը, որը հնարավորություն կստեղծի գտնել պետական համակարգի և քաղհասարակության միջև համագործակցության մեխանիզմները:

Այդ նպատակով, այսօր՝ ապրիլի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է USAID ընկերության անկախ փորձագետ Հասմիկ Թամամյանին:

Տիկին Թամամյանը ներկայացնելով նախաձեռնության նպատակը, հետաքրքրվել է Հանձնաժողովի գործունեությամբ և իրականացվող ծրագրերով, նշելով, որ հավաքագրված տեղեկատվությունը ամփոփվելու է զեկույցով, ներառելով առաջարկներ ոլորտի զարգացման վերաբերյալ:

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունները, գործունեությունը, իրականացված և առաջիկայում նախատեսված ծրագրերը և վստահեցրել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լինելով Սահմանադրությամբ ձևավորված մարմին՝ գործում է օրենքի ուժով:

Հանդիպման ավարտին Հ. Թամամյանը շնորհակալություն հայտնելով բովանդակալից տեղեկատվության ներկայացման համար նշել է, որ զեկույցը՝ վերլուծություններով և առաջարկներով, հրապարակվելու է հուլիսին: