ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ կետով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի թիվ 43-Ա որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանխորհրդի 2019 թվականի մարտի 4-ի թիվ 03-01 գրությունը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար:

Նշված թափուր պաշտոնին ներկայացված պահանջները հետևյալն են.

1.Մասնակիցները պետք է լինեն լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:

2. Մրցույթի արդյունքում հաղթող չի կարող ճանաչվել՝

1) օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը.

2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

3) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Փաստաթղթերը ներկայացվում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով սույն հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը մրցութային հանձնաժողովը չի քննարկում:

Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ ըստ մշակված ձևի (Ձև՝ N 1),

2) անձնագրի պատճեն,

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն,

4) ինքնակենսագրություն՝ ըստ մշակված ձևի (Ձև՝  N 2),

5) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված) տեղեկանք՝ աշխատանքային գործունեության մասին,

6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),

7) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում է այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ)) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար,

8) 2 լուսանկար` 3×4 սմ չափսի:

Փաստաթղթերը 5 օրինակից ներկայացվում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով:

Դիմումի ձևը տես կից ֆայլում: