ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ստորագրված փաստաթուղթը կնպաստի համագործակցության խորացմանը

Այսօր ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Արցախի հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև ստորագրվել է 2019 թվականի համատեղ աշխատանքային ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ, որի նպատակն է նպաստել համագործակցության խորացմանը, ոլորտի զարգացման համար միասնական մոտեցման մշակմանը և այլն: Աշխատանքային ծրագրի ստորագրմանը նախորդել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և Արցախի հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի և երկու հանձնաժողովների անդամների քննարկումը ոլորտին վերաբերող հարցերի վերաբերյալ: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը կարևորելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համագործակցությունը և ներկայացնելով Արցախի հեռուստառադիո ընկերությունների կողմից եթեր հեռարձակվող հաղորդումները, անհրաժեշտ է համարել հայաստանյան հեռարձակողներից համապատասխան տեսաձայնային նյութեր ստանալը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ հայաստանյան հեռարձակողները պատրաստակամ են տեսաձայնային նյութերի տրամադրման հարցում և այժմ աշխատանքներ են տարվում միասնական բազա ստեղծելու համար: Միաժամանակ նշելով, որ հանրօգուտ և արդյունավետ աշխատանք հնարավոր է ստանալ համագործակցության արդյունքում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի հանրապետությունում առաջիկայում կայանալիք ընտրոթյունների ընթացքում փորձի փոխանակման, ծրագրերի մոնիտորինգի իրականացման հարցերում օժանդակելու համար: