ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 2-րդ զեկույցի քննարկում

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ներկայացուցիչը մասնակցել է հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ: Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները: Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձավ ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին: